?

Log in

Sed magis amica veritas

SmokeՎերջերս Հախվերդյանի հետ արված մի հարցազրույց կարդացի, որտեղ Երևանի տարիքն առած փոստատարը երես առած երեխայի պես իր ոճով պատասխանել էր մի քանի հարցի ու դրանցից մեկում կանանց հավիկներ էր անվանում: Ժպտացրեց: Ինչքան էլ Հախվերդյանը հակասական կերպար լինի ու չընդունվի շատերի կողմից, կյանքում իր գործը նա արդեն լավագույնս արել է ու միանշանակ պատմության մեջ կմնա:
Մտքերս խառնվել էին, ինչը նրանց հոբբին է: Հիշեցի, որ արդեն 12 տարուց ավել է, ինչ պապս լքեց այս աշխարհը` ինձ թողնելով շատ անպատասխան հարցեր, որոնք միայն իրեն պետք է տայի ու որոնց էլ ոչ ոք չի պատասխանի: Դեռ 70-ը չբոլորած բիձես կյանքից հեռացավ ճիշտ այնպես հպարտ ու խրոխտ, ինչպես ապրել էր միշտ` լեռնցու պնդությամբ, ու միանշանակ կսաստեր, եթե իմանար, որ երբևէ ինչ-որ պատճառով արտասվել եմ: Հենց դրա համար ոչ մի կաթիլ արցունք չքամվեց, այնինչ մի մեծ լիճ գոյացնելու չափ վիշտ ու չկրկնվող հիշողություններ կային, որ մնացին աչքերիս մեջ:
Հիշեցի Սարտրի «Սրտխառնոցը»: Եկան բոլոր տողերը:
Հիշեցի, որ Վարդանը Պետրոսյան Ազնավուրի «Le droit des femmes»-ի երաժշտության տակ հայերեն մի քանի համով տող էր մտցրել ու թեթև, բայց չքնաղ մի բան ստացել.
«Դեռ շատ վաղուց, երբ Մամիկոնյան մեծ Վարդանը,
Ավարայրում զրադաշտ փղերին ցույց տվեց, կներե՛ք, իր բանը,
Մեր հայ կանայք այդ օրը նստած չէին տանը,
Այլ թուրը ձեռքին կռվում էին, ոնց որ Վարդանը:
Մեր հայ կանայք, մեր հայ կանայք,
Չգնահատված, բայց ամենթաույն, ամենազիլ, ամենակայֆ, վկա Աստվա՛ծ,
Լինի կռիվ, թե լինի սեր, լինենք սխալ, թե ճիշտ,
Մեր հայ կանայք, մեր հայ կանայք մեզ հետ են միշտ»:
Հիշեցի ճակատիս մեջ միշտ վառվող հայ կնոջ կերպարը: Մեր կանայք այնքան կուտակված հույզեր ու սպասումներ ունեն իրենց մեջ: Ամեն օր փողոցում հանդիպում են աղջիկներ` տխրությունն ու առօրյա հոգսերն աչքերում առած: Նրանք այնքան են կարոտ սիրո, քնքշանքի, այնքան կարիք ունեն ջերմության: Ինչքան մեծ է նրանց մոտ ընտանիք կազմելու ու մայրանալու երազն, ու ինչքան են օրեցօր փոքրանում հույսերը, որ դա իրականություն կդառնա:
Սերունդները հաջորդում են իրար: Թեև ամեն ինչ մնում է նույնը, բայց ամենակարևորը` արժեքներն են փոխվում: Ինչ-որ անտեսանելի տրանսֆորմատոր կարողանում է այդ փոխակերպումն այնպես կազմակերպել, որ նախորդները, տեսնելով իրենց համար ողջ կյանքում բացարձակ հավատ հանդիսացածի փլուզումը, չպայթեն, չգժվեն, այլ լուռ համակերպվեն կամ գոնե ձայն չհանեն:
Հիշեցի` ոնց էր վարժուհի Մարիետան մանկապարտեզում դիցական ձայնով երգում «Արի, ի՛մ սոխակ»-ը: Գժվելու բան էր: Անբացատրելի ու էլ ոչ մի անգամ չզգացած սարսուռ ու հիշողություններ, հիշողություններ, որ էլի միշտ մնալու են մեջս: Դա պատերազմի տարիներն էին, ու ամիսներ առաջ մարտի դաշտում որդուն կորցրած ալեհեր կինը ցերեկները նստում ու փորձում էր երգով մի խումբ չարաճճի ու ոչինչ չհասկացող մանուկների խաղաղ քնեցնել: Բայց արցունքները զսպել չէր կարողանում:
Տեսա մորս, որ ամեն գիշեր, չնայած գերհոգնածությանը, պարտադիր արդուկում է կոստյումս ու վերնաշապիկս ու բաժակով ջուր դնում անկողնուս մոտ:
Նորից սիրեցի ու ատեցի խիղճս: 

Կրակից առաջ

    fffԻ՞նչ է անում կյանքը: Այն տալիս է նախնական պայմանները և կողքից հրճվում, թե ինչպես են տնօրինվում դրանք: Բայց չէ՞ որ բոլոր մարդիկ հիմար խոզեր են` օժտված միմիայն ինքնապահպանության բնազդով, որը ստիպում է մշտապես մտածել սեփական ստամքոսը կուշտ պահելու և մյուս առօրյա կարիքները հոգալու մասին: Ստացվում են մի մոլորակ խոզեր, ովքեր առաջին իսկ օրվանից ցեխի մեջ ճպճպալով` իրար գլուխ են փորձում ջարդել, մինչև կգա հերթը կառափնարան քարշ տրվելու: Իսկ դու շարունակ ծխում ու ծխում ես` կրակին ու մոխրին էս գլխից սովորելով, սկանդալիստ խուլիգանի կյանք վարում էժան կանանց թանկ միջավայրում, ջարդում կիթառը ախ այդ բութ մատուցողի գլխին, լակում լիմոնով վիսկին էնպես, կարծես ցեղդ Էդինբուրգից է, ու պապերդ էլ ծնվել են վիսկիի տակառների մեջ: Արևի ժամանակ զուսպ ու կիրթ ես, իսկ լուսնի հայացքի ներքո` ի սպաս ես դնում հոգուդ ողջ մաղձն ու դառնությունը` սպասելով ավարտին: Ամենը` ակնթարթները, սպասումները, օրերը, կանայք, անցնում են, իսկ դու համառ այծի պես նույնն ես: Եթե միայն կարողանայիր պատռել հագուստդ ու գնալ խուլ անտառ, ապրեիր մութ անձավներում ու ձորերի խոնավ մամուռի վրա, գուցե բան փոխած լինեիր: Բայց ո՛չ, դա չի՛ լինի, ու դու պատասխան կտաս լիովին` ապրելով հենց քո կյանքը: Ուրեմն կրակից առաջ վառի՛ր հերթական կրակ ծխախոտդ ու մի՛ էլ համարձակվիր նայել երկնքին, որովհետև կրակն է քոնը, որից առաջ դեռ մի քանի ակնթարթ ունես` մաշելու կարճ օրերդ փլուշահոտ բառերում: Մինչև կրակն իմացի՛ր, որ դու ընտրեցիր քո ճամպան, ու մեղքը խեղճ բախտի վրա մի՛ գցիր: Գնա՛ դեպի կրակ հաճույքով, որովհետև դու իսկական սատանա ես, ում միայն անդրաշխարհիկ ու զարհուրելի առօրյան է հաճելի:

Երկրի կենտրոնը

Picture1- Վե՛ր կաց, լսու՞մ ես, - հարևան քեռի Արսենի ձայնն արթնացրեց: - Նո՛յ, Ոսկանյանի փռից տաք գաթաներ եմ բերել: Փորձի՛ր, քանի դեռ չեն սառել:
       Արսեն Արամյանը, որ հիսունն անց, նիհար կազմածքով տղամարդ էր, բնակվում էր դիմացի` խորդանոց հիշեցնող փոքրիկ սենյակում: Կինը մահացել էր երեք տարի առաջ, ու այդ պահից սկսած` նրա կյանքը վերածվել էր երկարուձիգ ու անիմաստ օրերի շարանի: Ժամանակին Երևանի ամենահայտնի դերձակը, որի մշտական հաճախորդներն էին քաղաքի բոլոր հայտնիները, այժմ բոլորովին այլ կյանքով էր ապրում: Այն քչերից մեկը, որի հետ նա շփվում էր, Նոյն էր` Արտավազդ և Կարինե Ստեփանյանների մինուճար որդին, ում 23-ամյակը լրանալու էր մեկ ամսից: Ամուսինները մի քանի տարի առաջ, կարծես իրար զգալով և միաձուլված լինելով, մահացել էին ամիսների տարբերությամբ` երկուսն էլ ծանր հիվանդությունից: Նոյը, ով այդ ժամանակ նոր էր ավարտել համալսարանը, ծնողների մահից հետո սկսեց ավելի ու ավելի հազվադեպ դուրս գալ տանից, մինչև որ մի օր հայտնաբերեց, որ արդեն վաղուց չի կարողանում բնակարանի 4 պատերից դուրս գալ: Արսենը, որ տղային արտաքին աշխարհի հետ կապող միակ օղակն էր մնացել, ամեն օր ապարդյուն փորձեր էր անում նրան դուրս հանել բնակարանից, գոնե մի կարճ ժամանակով զբոսնել հետը բակում կամ փողոցից այն կողմ ընկած գեղեցիկ բարդիներով պուրակում: Սակայն ամեն ինչ ապարդյուն էր: Արամյանն անգամ բժիշկ կանչեց Նոյի մոտ, ով, մի քանի րոպե զրուցելով տղայի հետ, եզրակացրեց` Նոյի մոտ ագորաֆոբիա էր ձևավորվել: Բժշկությունը դա բացատրում է որպես վախ բաց տարածություններից (հրապարակներ, փողոցներ և այլն): Տղան օրերով փակված էր բնակարանում, որի պատուհանները բացվում էին դեպի Ամիրյան փողոցի ամենաբանուկ մասը: Արևն իր ճառագայթներով օրվա մեջ միայն 1-2 ժամ էր կարողանում ամբողջությամբ ներս թափանցել` ողողելով սպիտակ պատերն ու ընդամենը 2,10 մետր բարձրություն ունեցող առաստաղն իր ջերմությամբ: Մյուս ամբողջ ժամանակ Նոյի առջև լուսամուտից բացվում էր կամ ամպամած երկինքը, երբ անձրևի մոտալուտ թափքը փողոցից ավլում էր կանգառում գոյացած մարդկանց կուտակը, կամ էլ ուղղակի զգացվում էր արևի ներկայությունը հեռվում մի տեղ, սակայն սենյակում այն չկար:
       Սենյակն աչքի չէր ընկնում առաձնահատուկ կահավորանքով: 4 պատերից 3-ը` հատակից մինչև առաստաղ, պատված էին նեղլիկ դարակներով, որոնք լի էին զանազան, հիմնականում հնամաշ գրքերով` տարբեր լեզուներով, մասնագիտական, գեղարվեստական գրականություն, բառարաններ ու զրուցարաններ, որոնց քանակն ու առկայությունն ամեն կողմում գլխապտույտ էին առաջացնում: Մի անկյունում դրված էր հին գրասեղանը` վրան շարված մի քանի գրքով ու սեղանի լամպով: Մյուս անկյունում գտնվում էր նեղլիկ մահճակալը: Այս ամենից բացի, սենյակում կար նաև փոքրիկ բազկաթոռ ու երեք փայտե աթոռ, որոնցից մեկն իր կոտրված ոտքի պատճառով, վաղուց ծառայում էր որպես կենցաղային տարբեր իրերի հավաքատեղի:
       - Նստի՛ր, Արսե՛ն քեռի, - Նոյն անշտապ վեր կացավ պառկած տեղից և սկսեց ձեռքի ափերով տրորել աչքերը: - Գաթաների համար շնորհակալ եմ շատ, բայց գիտես, որ այս ժամերին ոչինչ չեմ ուտում: Առհասարակ ախորժակն իմ հաճախակի այցելուներից չէ:
        Արամյանը ժպտաց: Նոյի միակ այցելուն վաղուց միայն ինքն էր և ճանաչում էր տղային, ինչպես ոչ ոք: Համատեղ երկար զրույցների ժամանակ հասցրել էր տեսնել երիտասարդի մեջ ապրող ըմբոստին, ով հիացնում էր նրան աշխարհն ընդունելու իր ձևով: Արսենը վաղուց Նոյին որպես հարազատ տղայի էր վերաբերվում և ամեն օր սրտի ցավով էր նայում նրան: Թեև Նոյը նրա ճանաչած ամենաազատ մարդն էր, սակայն այդ բնակարանում նա նման էր վանդակում ինքն իրեն մահվան դատապարտած առյուծի:
        - Նո՛յ, մենք խոսել ենք արդեն այս թեմայով, բայց այսպես չի՛ կարելի շարունակել: Օրերը հաջորդում են միմյանց, և դու ավելի ու ավելի ես մեկուսանում աշխարհից:
        - Մեկուսանու՞մ եմ: Ի՞նչ կա աշխարհում, որ ես դրանից մեկուսանամ, քե՛ռի Արսեն: Արդյո՞ք գոյություն ունի այնպիսի ուժ, որը կկարողանա դեմ գնալ մարդուն և ստիպել նրան մեկուսանալ:
        - Դու փորձում ես դեմ գնալ բնությանը: Բոլորից տարբեր մտածելը դեռևս չի նշանակում նրանց նման չլինել: Վաղ թե ուշ ստիպված ես լինելու դուրս գալ այս դռնով: Հանուն ինչի՞ ես շարունակում մնալ այստեղ: Ասել եմ բազմիցս, որ կօգնեմ քեզ բոլոր հարցերում: Խելացի տղա ես ու կարող ես կրթություն ստանալ աշխարհի ուզածդ համալսարանում, շրջագայել, ընկերներ ձեռք բերել, ծանոթանալ աշխարհին:
        Նոյը խոժոռվեց:
        - Ես ապրում եմ այնպես, ինչպես ինքս եմ ուզում: Յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր անելիքը: Յուրաքանչյուր մարդ ինքն է գծում իր կյանքի քարտեզը, և քանոնները տարբեր են լինում: Անիմաստ է փորձել մտափոխել մարդուն:  
       - Ի՞նչ է մարդը բնության դեմ, տղա՛ս: Ոչ ոք չի կարող դուրս գալ բնության դեմ:
       - Մա՞րդը... Մա՛րդը... Մարդը դա ինքը` բնությունն է, որից յուրաքանչյուրս ծնունդ ենք առնում: Ուրեմն ասում եմ քեզ, որ ես` Նոյ Ստեփանյանս, ձեռնոց եմ նետում բնությանը, հայտարարում եմ, որ հաղթահարել եմ նրանից կախված լինելու վախը ու չեմ ենթարկվում նրա քմահաճույքներին:
       - Նո՛յ, արդեն մոտ 3 տարի է` դու վախենում ես անգամ տանից դուրս գալ:
        Տղան սկսեց ջղայնությունից կարմրել:
       - Բավական է: Ո՛չ: Ես ոչնչի կարիք չունեմ: Նյութական ցանկություննե՞ր: Ինձ համար այդ ամենը ծիծաղելի է: Հրաշքնե՞ր ու երազանքնե՞ր: Ես չեմ հավատում դրանց: Մարդի՞կ: Նրանք բնության ամենազզվելի ու կեղտոտ ծնունդներն են: Մարդիկ են, որ պղծում են ամեն մաքուրը, բարին, կուսականը: Ինձ պետք չի ոչինչ ու ոչ ոք: Ասա` ինչ ունեմ փնտրելու դռնից այն կողմ, որը չունեմ այստեղ: Ասա՛ ինձ: Ի՞նչ կա քո այդ աշխարհում: Ես այն առաջին օրվանից չեմ ընդունել: Մոտեցի՛ր դարակներին, դե՛, մոտեցի՛ր: Վերցրու՛ ցանկացած գիրք և բացիր ուզածդ էջը: Ես այստեղ գտնվող բոլոր գրքերն անգիր գիտեմ, տող առ տող կան մտքումս: Ու գիտե՞ս` դրանք մի քանի այդպիսի աշխարհ ունեն իրենց մեջ: Սակայն դրանցում ոչ մի նոր բան չկա: Քո այդ աշխարհի նկարագրությունն է միայն` տարբեր ձևերով ու երանգներով: Ոչ ոք չի տալիս գլխավոր ու միակ հարցի պատասխանը` ինչ կլիներ, եթե այս աշխարհում մարդիկ չապրեին:
       - Բայց մենք հո ապրում ենք աշխարհում, Նո՛յ:
       - Այո՛: Եվ հետևողականորեն կործանում այն: Լավագույն դեպքում կարողանում ենք ոչինչ չփոխել: Յուրաքանչյուր նոր մահը սկսվում է մեկ այլ ծնունդով, բոլոր գալիս ու հաջորդում են միմյանց` կապկելով միևնույն անպետքությունը:
       - Ուրեմն դու ընդունում ես, որ մեկն ես այդ բոլորից և ի զորու չես ոչինչ փոխել: Տեսնու՞մ ես` բնությունը կրկին հաղթեց:
        Բարկությունը հասավ իր գագաթնակետին: Նոյի աչքերը լցվեցին արցունքներով: Բացառիկ կատաղության այդ պահին տղան նմանվում էր իր ճանապարհին ամեն ինչ կուլ տալու պատրաստ շնաձկան: Արսենը նրա ամեն մի ծանր հևոցը զգում էր իր դեմքին: Մտածեց, որ հարկավոր է հանգստացնել տղային, այլապես, թվում էր, նա կարող է պատռվել կատաղությունից, երկու կես լինել: Սակայն չհասցրեց ոչինչ անել: Նոյը ձեռքի հարվածով նրան մի կողմ հրեց ու գրեթե վազելով դուրս եկավ սենյակից` իր ետևից ուժգին շրխկոցով փակելով դուռը: Կատարվածից քար կտրած` Արամյանը մի քանի վայրկյան սառած նայում էր դռանը, այնուհետև անշարժացած ընկավ բազկաթոռին. խաղաղ մի ժպիտ սահեց նրա դեմքով...

Ձոն արդիական

Երբ ծնվեցիր, քո պրոֆիլում
Հավաքվեցին առանց հերթի,
Ստատուսչիկներ` մեծ ու փոքր,
Ծախված, շյոբլիկ ու լկտի:

Սաղին արին դավադիտ,
Սըջեսթեցին քո պես հորթի,
Ու ֆեյսբուքյան կեղտոտ wall-իդ
Կտրին պորտը մի նոր քյառթի:

Այսպես անցան երկար օրեր
Լայքախառը քոմմենթներով,
Ամիս-տարի ու նոր ֆռենդներ,
Քաքերն ընկար ոտով-գլխով:

Բայց նկարդ է բացահայտիչ,
Ձախ անկյունում կպսպղա,
Միշտ հենց նա է թիվ 1 մատնիչ,
Որ էնքաաան ես բոզի տղա...

Խառնիճաղանջ

dddՊետք է չմոռանաս, որ իմ պատուհանից աշխարհը միշտ անհետաքրքիր ու ձանձրալի է եղել, մինչ դու կանցնեիր պատուհանի մոտով: Որ ես կարիք չունեմ ինքնահաստատվելու կամ ինչ-որ բան ապացուցելու, այլ միշտ շարժվում եմ գլխումս ապրող սատանաների մտքերով: Ու թող որ նրանք սատանա են, բայց նրանք միշտ ասում են ճիշտը, իրականը, ոչ թե ընդունվածը, ադեկվատը, հասկանալին: Իմ գրադարանում շարված գրքերի փոշոտ էջերում էջանշաններ չկան, որովհետև ոչ մի տեղ կանգ առնելու, մնալու, հիշելու պահեր չեն եղել: Տարիները, ամիսներն ու օրերն ընդհատելու ու պահելու ցանկություն երբևէ չի առաջացել: Ինչու՞ ուրեմն հիմա չկառչեմ այն մի ակնթարթից, որն այնքան բերկրալի է թվում, ինչու՞ չպայքարեմ մի պահի, մի հայացքի, մի ժպիտի, մի համբույրի համար: Դե չէ, դա անսովոր է, անընդունելի է, անհավատալի է, խաբուսիկ է: Ուրեմն հենց այսպես ջնջենք բոլոր սխալ բառերն ու զգացումները այդ ակնթարթի միջից, որը դար է թվալու, որովհետև դար է դառնալու: Շպրտենք չուզողների, չարակամների, շաբլոնների, աշխարհի կարծիքն իրենց ու զգանք այն, ինչ միայն ես ու դու ենք զգում` ՄԵՆՔ...
      Ու իրականում մարդուն ճանաչում ես այն պահից սկսած, երբ նայում ես աչքերին: Դրանք անհատի լավագույն կենսագրականներն ու պատմիչներն են:

Գիտե՞ս, որ...

SH
Գիտե՞ս, որ խոսես թե լռես, միևնույն է` խորտակիչ լռությունն այսուհետ լինելու է իրար աչքերի միջով անցնելու ու հոգում ապրելու հաճույք, իսկ անօգուտ խոսքերը վերածվելու են բուժող ու կյանք տվող հրաշքի:
Գիտե՞ս, որ ինքնատիպությունը քո մոտ երբևէ չի կարող մասնագիտություն լինել, որովհետև այն քո արյան մեջ է, ու դու ինքդ ես ինքնատիպության մարմնացում:
Գիտե՞ս, որ երբ կորցնում ես 1000 անգամ այն, ինչին հավատում ես, նրանց, ում սիրում ես, գտնում ես մեկ անգամ ու ընդմիշտ այն, ինչն ինքն է քո մեջ հավիտենական հավատ պահում, նրան, ով սերը չի տալիս, այլ սովորեցնում է սիրել:
Գիտե՞ս, որ անփոխարինելի մարդիկ չկան: Դու ինքդ քեզ համար ես անփոխարինելի միայն մեկի կողքին:
Գիտե՞ս, որ ուժերս այնքան են, որ վախդ ու սրտնեղվածությունդ չեն համարձակվելու երբևէ մոտենալ:
Գիտե՞ս, որ սիրված ժամանակն ավարտվելու հատկություն չունի: Այն նոր է սկսվում:
Գիտե՞ս, որ դու էլ երբևէ չես ափսոսալու. ոչ թե որովհետև կորուստներ չես ունենալու, այլ ամեն մի կորցրած կաթիլի հետ, հիշելով այն օվկիանոսը, որ գտել ես, ժպտալու ես:
Գիտե՞ս, որ կյանքիդ բոլոր օրերի նկարիչը դու ես լինելու, բայց իմ տված վրձինն ու ներկերը քեզ գանգատվելու առիթ երբևէ չեն տալու:
Գիտե՞ս, որ մեր ժպիտները երկվորյակներ են:
Գիտե՞ս, որ հավատալով մեր իրականությանը` ապրելու ես քո երազների մեջ:
Գիտե՞ս, որ չեմ բացատրելու քեզ քո սխալները. ոչ թե որովհետև դու սխալներ չես անում, այլ նրա համար, որ դրանք քո «ճիշտերին» հավասար սիրում եմ:
Գիտե՞ս, որ աչքերիդ փայլից կռահում եմ ամեն ինչ:
Գիտե՞ս, որ էլ ոչ մի ահ ու դող չի բարձրանա այն բարձունքը, որտեղ մշտապես ապրելու են քո ժպիտները:
Գիտե՞ս, որ բոլորին տաղանդավոր չեմ համարում, բայց բոլորի տաղանդները քո մեջ եմ ճանաչում:
Գիտե՞ս, որ քեզ հասնող անգամ ամեն լաց ծիծաղ է դառնալու:
Գիտե՞ս, որ ստվերդ այլևս միշտ ուղեկցելու է քեզ:
Գիտե՞ս, որ ամեն օր սովորեցնելու եմ չվախենալ:
Գիտե՞ս, որ մռայլ ամպերի ետևում միշտ թաքնված է ամենապայծառ արևը:
Գիտե՞ս, որ իմն ես...
Գիտե՞ս, որ միայն մենք ու ծովը ուշ գիշերին...

Սեռապայթուցիկ (Sex bomb)

Ծիծիկներիդ թփթփոցով,
Մեքենաս է լուռ շարժվում,
Բդիկներդ երկար ձգել,
Էլի-էլի ես ուզում:

Վզիս տակով խոր, ծանրահև,
Դալուկ մեջքս ես չանգռում,
Նստատեղին աջ դիմացի,
Եռման սեքսն է կաթկթում:

«Կի՞նդ եմ, չէ՞, կամուսնանաս»,
«Հա» եմ ասում ես աչքերով,,
Մեկ էլ, մեկ էլ, թե դիմանաս,
Պրծնենք, գնանք տներով...

1/7000000000

          Իմ կյանքի նորամաշ գրքում, որն անցել է "Հեղինակի կողմից"-ն ու "Նախաբան"-ը, ու գրեթե հասել կենտրոնական "Գլուխ"-ներին, բազմաթիվ իրարամերժ տողեր են դեռ գրվելու: Այնտեղ հաստատ նշված կլինեն իմ ուրախության ամենացնծալի պահերն ու տխրության ամենահուսահատ րոպեները: Խոսք կլինի Աստծուց հրաժարվելու ու աստվածապաշտ լինելու մասին: Կասվի, թե ինչ է ճիշտ ընտրությունն ու սխալ երկընտրանքը: Բազմաթիվ թանաքամաններ կչորանան կենդանի մարդուն ու մարդկային կենդանուն նկարագրելու վրա:
          Այդ գիրքը մյուս բազմահազար գրքերի պես թերևս կթաղվի դարերի անհատակ ավազաշերտի մեջ ու դարեր անց մի տեղից դուրս կգա. այն կգտնի ասենք աֆրիկյան ջունգլիներում թափառող մի սևամորթ կամ Սան Ֆրանցիսկոյի կամուրջներից մեկի տակ խաղացող մի երեխա, Պեկինից ոչ շատ հեռու մի գյուղում ապրող որևէ չինացի ծերուկ կամ Մադրիդի կենտրոնում ապրող մի գեղեցիկ իսպանուհի: Կգտնի ու դարերի ավազից կմաքրի չորացած էջերս` նրանցում կարդալով բոլոր գլուխներն ու նույնիսկ "Վերջաբանի փոխարեն"-ը, որը նույնիսկ ես դեռ չեմ հասցրել կարդալ...
           Ով էլ որ լինի գտնողը, մի պահ գրքում կարդացածը մտովի կհամեմատի իր գրքի հետ ու ինքն իրեն երանի կտա, որ ինքը դեռ չի ավարտել այն գիրքը, որը ես վաղուց կարդացել-անցել եմ` առանց էջանշանի: 
          Յուրաքանչյուրիս կյանքի գրքի գլխավոր դերակատարը հենց մենք ենք, սակայն սցենարի առաջին համահեղինակը հիմնական մասով Աստված է, ով մեզ հետ սկսում է առաջին բառն ու դնում վերջին վերջակետը: Այնպես որ յուրաքանչյուր էջում հանդիպած տհաճ կամ հաճելի իրադարձությունները երբեք չեն կարող պատահականություն լինել: Այնսինքն, վերջին հաշվով, մեզ հետ պատահած ամեն ինչ որոշվում է գիրքը գրելուց մեր ունեցած ոսկեղենիկ ձեռագրով կամ ագռավաչանչ խզբզանքով:
          Հաճելի ընթերցում յուրաքանչյուրիդ: Իմ ընթերցումն ինձ միշտ հաճույք է պատճառում...
         



Ընկեր իմ հին, անդավաճան,
Կյանքիս կեսը քոնն է իրավ,
Մենք անցել ենք երկար ճամփա,
Անցնելու ենք դեռ մի կես դար:

Դու եղել ես երեկ, այսօր,
Վաղը նույնպես, չեմ կասկածում,
Հեռու տեղից հոգուդ կարոտ
"Ցուցահանդես-վաճառքդ" եմ ես հիշում:

Բայց դե իզուր ի±նչ խորանաս,
Չի հասկանա արդ ոչ ոք մեզ,
Ծիծաղ ու լաց ինքնամոռաց,
Է հա
´, հիմա ՈՒՈՒՈՒ±Մ ԲԱՑԱՏՐԵՍ...
Աչքերիդ մեջի ծովի կապույտից,
Այնքան եմ ուզում լողալ նրանցում,
Սակայն աչքերիս առվի մամուռից
Աչքերիդ ծովը պղտոր է թվում:

Ախր ես կռիվ եմ, սկանդալիստ լկտի,
Դու գտնվում ես բառերից այս վեր,
Ու կապտուկն աչքիս հենց որ կնստի,
Քեզ մի շիշ LABEL 5 կբերեմ նվեր:

Ոգեղեն մարմինդ աստվածային,
Ինձ գիրկն է ձգում սին երազների,
Բայց դու տվողը չես իմ պես սրիկային,
Բեր քեզ սիրեմ լոկ սիրով Պլատոնի...